Jump to content

Մալի Տրոստենեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մալի Տրոստենեց (բելառուս․՝ Малы́ Трасцяне́ц, գերմ.՝ Vernichtungslager Maly Trostinez), նացիստական ամենամեծ համակենտրոնացման ճամբարը Բելառուսի տարածքում և ԽՍՀՄ գրավյալ շրջաններում, որը ստեղծվել է անվտանգության ծառայության (ՍԴ) կողմից 1941 թվականի աշնանը Մինսկի մոտակայքում: Մալի Տրոստենեցում ոչնչացվել են խաղաղ բնակիչներ, խորհրդային ռազմագերիներ, ինչպես նաև հրեաներ Բելառուսից և արտաքսվածներ Ավստրիայից, Գերմանիայից ու Չեխոսլովակիայից[1][2][3]։

Պատմություն

Մալի Տրոստենեց նացիստական համակենտրոնացման ճամբարը ստեղծվել է 1941 թվականի աշնանը Կարլ Մարքսի անվան կոլտնտեսության տարածքում։

«Տրոստենեց» անվանումը միավորում է մարդկանց զանգվածային ոչնչացման մի քանի վայրեր.

  • Բլագովշչինա - զանգվածային գնդակահարությունների և գազի մեքենաներում թունավորումների վայր,
  • Մինսկի ՍԴ աշխատանքային ճամբար և «օժանդակ տնտեսություն» - Մալի Տրոստենեց գյուղի մոտ՝ Մինսկից 10 կմ հեռավորության վրա՝ Մոգիլյովի մայրուղու երկայնքով,
  • Շաշկովկա - մարդկանց զանգվածային այրման վայր[4]։

Գնդակահարությունները կատարվել են նախապես պատրաստված երկար խրամատների մոտ, որտեղ էլ թաղվել են դիակները։ Մինսկի գետտոյի վերացումից հետո (1943 թվականի հոկտեմբերի 21-23-ը) «1005-Կենտրոն» հատուկ թիմի կողմից սկսվել են որպես գերեզման ծառայած խրամատների բացման և նացիստական հանցագործությունների հետքերի ոչնչացման աշխատանքները։ Այդ աշխատանքները տևել են վեց շաբաթ՝ 1943 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 15-ը[[5][3]։

Մալի Տրոստենեց

Մալի Տրոստենեց ճամբարն ստեղծվել է 1942 թվականի ապրիլի վերջին Մինսկից 10 կմ հեռավորության վրա՝ խաղաղ բնակչության և խորհրդային ռազմագերիների զանգվածային ոչնչացման նպատակով[6][1][7][3]։ ԽՍՀՄ տարածքում այն եղել է ամենամեծը դրանում ոչնչացված մարդկանց քանակով և չորրորդը Եվրոպայում՝ Օսվենցիմից, Մայդանեկից և Տրեբլինկայից հետո: 1942 թվականի մայիսից մինչև 1943 թվականի հոկտեմբեր Բլագովշչինա վայրում սպանվել է ավելի քան 150 հազար մարդ։ Այնուհետև նացիստներն իրենց էկզեկուցիաները տեղափոխել են Շաշկովկա վայրում՝ Մալի Տրոստենեց գյուղի մոտ, որտեղ 1944 թվականի փետրվարից մինչև հունիս ոչնչացվել է ավելի քան 50 հազար մարդ[4]։ Գազվագենները հաճախ Մինսկից մարդկանց տեղափոխել են այդտեղ։ Սպանվածների հսկայական քանակի պատճառով այդտեղ մշտական ռեժիմով աշխատել է դիակիզման վառարանը։ Մոխիրը ցրվել է օժանդակ տնտեսության տարածքում, որը պատկանում էր անվտանգության ոստիկանությանը և ՍԴ-ին: Պաշտոնական տվյալներով՝ այստեղ սպանվել է 206 500 մարդ։ Մալի Տրոստենեցում ոչնչացվել են նաև տասնյակ հազարավոր հրեաներ Բելառուսից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխոսլովակիայից[1][8][9][3][10].

1944 թվականի հունիսի վերջին՝ Կարմիր բանակի կողմից Մինսկի ազատագրումից մի քանի օր առաջ, նախկին կոլտնտեսության գոմում գտնվող Տրոստենեց ճամբարի տարածքում գնդակահարվել, այնուհետև այրվել է 6500 բանտարկյալ, որոնք բերվել էին Մինսկի Վոլոդարսկի փողոցի բանտից և Շիրոկայա փողոցի ճամբարից (այժմ՝ Կույբիշևի փողոց):

Հոլոքոստի պատմաբան Քրիստիան Գերլախի ուսումնասիրությունների համաձայն՝ Տրոստենցում սպանվել է 60 000 մարդ[11]։

Բլագովշչինա

ՍԴ հատուկ թիմը, օգտագործելով Մինսկի բանտի բանտարկյալների աշխատանքը, 1943 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գերեզմանից հանել և այրել է գնդակահարված ու գազի մեքենաներում թունավորված և Բլագովշչինայում թաղվածների մոտ 100 000 մարմին: Մոտակա գյուղերի բնակիչները պարտավորվել են նշանակված վայր հասցնել մի քանի հազար խորանարդ մետր վառելափայտ[3]։

1944 թվականի հուլիսին Մինսկի տարածաշրջանային հանձնաժողովը Գերմանացի զավթիչների հանցագործությունները բացահայտելու գծով արտակարգ պետական հանձնաժողովի աջակցությամբ Բլագովշչինայում գտել է 34 փոս-գերեզման: Որոշ փոսերի երկարությունը հասել է 50 մետրի։ Մի քանի գերեզմանների մասնակի բացման ժամանակ 3 մետր խորության վրա հայտնաբերվել են ածխացած մարդկային ոսկորներ և 0,5-ից 1 մետր հաստությամբ մոխրի շերտ:

Շաշկովկա

1943 թվականի աշնանը Մալի Տրոստենեց գյուղից կես կիլոմետր հեռավորության վրա սկսվել են գնդակահարված մարդկանց մարմինները այրելու վառարանի կառուցման աշխատանքները։ Այն եղել է գետնի մեջ փորված փոս։ Փոսի հատակին զուգահեռ դրված են եղել 10 մետր երկարությամբ վեց ռելսեր, ռելսերի վրա՝ երկաթե վանդակաճաղ։ Այն վայրը, որտեղ գտնվում էր վառարանը, շրջապատված էր փշալարերով և հսկվում էր։ Վառարանի մոտ ստեղծվել է վայրէջքի հատուկ վայր մեքենաների համար։ Զոհերը հասցվել են կամ փակ բեռնատարներով, որոնք հատուկ սարքավորված էին մարդկանց գազով սպանելու համար (գազենվագեն), կամ կցասայլերով բաց մեքենաներով։ Վառարանը աշխատել է ամեն օր[4][12]։

Շաշկովկա վայրի վառարանում այրվել է մոտ 50 000 մարդու մարմին[4]։

Հիշատակի հավերժացում

«Տրոստենեց» հուշահամալիրի կառուցման ծրագիր
Հոշակոթողի գրությունը՝ «Այստեղ՝ Տրոստենեց գյուղի տարածքում, գերմանա-ֆաշիստական զավթիչները գնդակահարել, խոշտանգել, այրել են 201,500 խաղաղ քաղաքացիների, պարտիզանների, սովետական բանակի ռազմագերիների 1941-1944 թվականներին»
Մալի Տրոստենեցի մահվան ճամբարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ կառուցված 1960-ականներին
Մալի Տրոստենեցի մահվան ճամբարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ կառուցված 2015 թվականին

Ընդհանուր առմամբ, Տրոստենցում նացիստների կողմից խոշտանգվել, գնդակահարվել և այրվել է ավելի քան 206 500 քաղաքացի:

1963 թվականին էկզեկուցիաների իրական վայրերից և բուն ճամբարից զգալի հեռավորության վրա կանգնեցվել է հավերժական կրակով կոթող՝ ի հիշատակ Տրոստենեցի զոհերի։ Երկու համեստ տապանաքարերով հավերժացվել է օկուպացիայի վերջին օրերին գոմում զոհվածների և Շաշկովկայում դիակիզման փոս-վառարանում այրվածների հիշատակը[3]։

2002 թվականին Բլագովշչինայում՝ առավել մասշտաբային գնդակահարությունների վայրում, տեղադրվել է փոքրիկ հուշանշան: Նույն թվականին Բելառուսի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է ընդունել «Տրոստենեց» հուշահամալիրի ստեղծման մասին։

2009 թվականի հուլիսին Մինսկի քաղաքային գործկոմը սկսել է մրցույթ՝ Շաբանի միկրոշրջանի մոտ հուշահամալիրի կառուցման ծրագրի համար։

2015 թվականի հունիսի 22-ին բացվել է համակենտրոնացման ճամբարի տեղում գտնվող «Մալի Տրոստենեց» հուշահամալիրի մի մասը՝ «Հիշողության դարպասները»:

2018 թվականի հունիսի 29-ին Բլագովշչինայում տեղի է ունեցել հուշահամալիրի բացումը։

Ռազմական հանցագործների դատավարություններ

Ճամբարի պարետը՝ ՍՍ ունտերշարֆյուրեր Հենրիխ Այխեն, փախել է Արգենտինա։ 1970 թվականին Կոբլենցի դատախազությունը փակել է ճամբարի մեկ այլ պարետի՝ նախկին ՍՍ օբերշտուրֆյուրեր Գերհարդ Մայվալդի դեմ գործը, ինչի համար հիմք է ծառայել մեղավորության ապացույցի բացակայությունը[13]։ Այնուամենայնիվ, Համբուրգի երկրամասային դատարանը 1977 թվականի օգոստոսի 2-ին Մայվալդին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, բայց այլ հանցագործության համար[14]։

1968 թվականին Համբուրգի շրջանային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մաքս Հերման Ռիխարդ Կրաներին, Օտտո Հուգո Գոլդապին և Օտտո Էրիխ Դրևսին։ 1977 թվականին Կրաներին ներում է շնորհվել (նա մահացել է 1997 թվականին 96 տարեկան հասակում)[15]։ 1975 թվականին Գոլդապն ազատ է արձակվել (նա մահացել է 1984 թվականին)[15]։ Դրևսն ազատ է արձակվել 1973 թվականին, սակայն շուտով ինքնասպան է եղել[15]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Памяць. Мiнск. Кнiга 4-я.», 2005, էջ 91—92, 94-95
  2. «Мемориальная доска «евреям-кенигсбержцам»». Արխիվացված է օրիգինալից 2013-08-20-ին. Վերցված է 2013-01-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Холокост на территории СССР, 2011, էջ 987
  4. 4,0 4,1 4,2 4,3 Холокост на территории СССР, 2011, էջ 1088
  5. Ганна Багданава Ахвяры і злачынцы нацысцкага лагера Малы Трасцянец: малавядомыя факты (белорусский) // Беларускі гістарычны часопіс : журнал. — 2019. — № 6 (239). — С. 8. — ISSN 1993-1999.
  6. Справочник о местах принудительного содержания, 2001, էջ 48—49
  7. «Памяць. Мiнскi раён», 1998, էջ 157—158
  8. Historyi︠a︡ Minska = Istorii︠a︡ Minska. — Minsk: "Belaruskai︠a︡ ėntsyklapedyi︠a︡", 2006. — 694 pages с. — ISBN 9851103446, 9789851103443
  9. Ганна Багданава Ахвяры і злачынцы нацысцкага лагера Малы Трасцянец: малавядомыя факты (белорусский) // Беларускі гістарычны часопіс : журнал. — 2019. — № 6 (239). — С. 4. — ISSN 1993-1999.
  10. Чёрная книга, 2015, էջ 262-263
  11. Йенс Хоффманн «Операция 1005» – уничтожение немцами следов массовых преступлений в Малом Тростенце // Лагерь смерти «Тростенец» в европейской памяти. — 2013. — С. 23.
  12. Чёрная книга, 2015, էջ 262
  13. «Der Vernichtungsort Trostenez in der europäischen Erinnerung by Mechthild vom Büchel». issuu.com (գերմաներեն). Վերցված է 2019-11-03-ին.
  14. «Justiz und NS-Verbrechen. Verfahren № 843». expofacto.nl (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019-11-03-ին. Վերցված է 2019-11-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. 15,0 15,1 15,2 Irene Altenmüller (2018-02-09). «1968: Hamburger Gericht verurteilt SS-Täter». ndr.de (գերմաներեն). Norddeutscher Rundfunk. Արխիվացված է օրիգինալից 2018-02-09-ին. Վերցված է 2019-11-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Աղբյուրներ

Գրքեր և հոդվածներ
  • Л. М. Драбовіч, З.I. Малейка, Н. П. Ракiцкая i iнш. (рэдкал.); В. С. Семенякоў, А. А. Ляўшэвiч (уклад.) «Памяць. Мiнск. У 4 кнiгах. Кнiга 4-я.». Гісторыка-дакументальная хроніка гарадоў і раѐнаў Беларусі.. — Мн.: «БЕЛТА», 2005. — 912 с. — ISBN 985-6302-73-0(բելառուս.)
  • Г. П. Пашкоў, I. I. Зяновiч, В. Ц. Осiпаў i iнш. (рэдкал.); М. I. Курскi, Г. А. Маслыка (уклад.) «Памяць. Мiнскi раён». Гісторыка-дакументальная хроніка гарадоў і раѐнаў Беларусі.. — Мн.: «Беларуская энцыклапедыя», 1998. — 640 с. — ISBN 985-11-0125-7(բելառուս.)
  • Адамушко В. И., Бирюкова О. В., Крюк В. П., Кудрякова Г. А. Справочник о местах принудительного содержания гражданского населения на оккупированной территории Беларуси 1941—1944. — Мн.: Национальный архив Республики Беларусь, Государственный комитет по архивам и делопроизводству Республики Беларусь, 2001. — 158 с. — 2000 экз. — ISBN 985-6372-19-4.
  • Политика геноцида. Малый Тростенец.
  • Maly Trostinec(անգլ.)
  •  Тростенец (док. фильм, 1995 г.)
  • Бобков У. А. История Минска. — 4. — г. Минск: Белорусская энциклопедия, 2006. — С. 363. — 696 с. — ISBN 985-11-0344-6.
  • Холокост на территории СССР. Энциклопедия / Гл. ред. И. А. Альтман. — 2-е изд., испр. и доп. — М.: РОССПЭН, 2011. — 1143 с. — ISBN 978-5-8243-1463-2.
  • Чёрная книга: о злодейском повсеместном убийстве евреев немецко-фашистскими захватчиками во временно оккупированных районах Советского Союза и в гитлеровских лагерях уничтожения на территории Польши во время войны 1941-1945 гг / Под ред. В. Гроссмана, И. Эренбурга. — М.: ACT: CORPUS, 2015. — 768 с. — ISBN 978-5-17-085233-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալի Տրոստենեց» հոդվածին։